Իւրաքանչիւր նկարի արժէքը


Նորայր Չիլինգարեան

Վերջերս անդրադարձայ «գին» հասկացողութեանը։ Նրանից էր, որ որպէս ժապաւէնով աշխատող լուսանկարիչ, ես նկատում եմ ինչպէս են մարդիկ՝ որպէս կանոն թուանշային լուսանկարչութեան երկրպագուները, խօսում ժապաւէնի գնի մասին, սովորաբար՝ բացասական երանգով՝ իրենց ի սկզբանէ կանխակալ դիրքից։

Հիմնականում ես նմանատիպ մեկնաբանութիւններ եմ լսում՝ «ժապաւէնն այնքա՜ն թանկ է…», իսկ նախադասութեան երկրորդ մասը մօտաւորապէս այսպիսի տեսք ունի՝ «բայց թուանշայինը ձրի է» (ձրի չի, բայց դա այլ պատմութիւն է)։ Իսկապէս, ժապաւէնը թանկ է։ Բայց այլ կողմից նայելով, դու հասկանում ես, որ թանկութիւնն այդքան էլ վատ բան չէ, չնայած՝ այդքան էլ լաւ բան չէ՝ այն պարզապէս ժապաւէնի յատկութիւններից մէկն է, ու լուսանկարիչն ազատ է այդ յատկութիւնը սահմանելու գործում։

Գիտէ՞ք ինչպէս եմ ես վերաբերւում ժապաւէնի գնին։ Եկէք կիսուեմ․ հիմնականում միջին ֆորմատի խցիկներ եմ օգտագործում։ Իմ կոպիտ հաշուարկներով, միջինում ծախսում եմ մէկ դոլար ամէն անգամ, երբ սեղմում եմ կոճակը։ Դա կարող է բաւական արագ թանկ հաճոյք դառնալ։ Բայց գիտէ՞ք ինչ է այդ գինն ինձ համար նշանակում։ Նշանակում է որ ես պէտք է ամէն նկարին տամ աւելի մեծ արժէք՝ այդ գինը կոմպենսացնելու համար, այնպէս անեմ, որ իսկապէս ստացուի, որ արժէր ես այդ գումարը ծախսած լինէի։

Կարող էք հեշտութեամբ փոխել «գին» բառը «ներդրում» բառով, եւ դա կարող է լինել ոմանց համար լաւ մտաւոր վարժութիւն։ Իսկ ես պարզապէս նախընտրում եմ վերասահմանել ինչպէս եմ ես գիտակցում այդ արժէքը։ Քանի որ իմ լուսանկարներն ունեն գին, դրանք ունեն ինձ համար նաեւ արժէք։ Քանի որ դրանք ունեն արժէք, ես աւելի շատ եմ աշխատում դրանց վրայ, ես աւելի հոգատար եմ, աւելի մտածկոտ, ես դրանք աւելի շատ եմ սիրում։ Սակայն, դրամային գինը միակ գինը չէ՝ դա ես հասկացայ փինհոլ նկարելիս։ Ժամանակն էլ է գին։ Եթէ աշխատում եմ իմ փինհոլ խցիկներով, կամ, վերջերս ND զտիչներով, ամէն նկարը կարող է արժել իմ կեանքի մի քանի րոպէ, իսկ երբեմն՝ ժամեր։ Ես այս նկարն անելիս 20֊25 րոպէ կանգնած էի Բրոդվուէի կամրջի վրայ։ Կարող էի քայլել այդ ընթացքում, գուցէ այլ նկարներ գտնէի, բայց փոխարէնը ես ներդրեցի իմ ամբողջ ժամանակը այդ մէկ նկարի մէջ։ Այն ունէր սովորականից բարձր գին ու ես տալիս եմ նրան սովորականից բարձր արժէք։

Նկատել եմ, որ երբ սկսում ես մտածել ամէն նկարի արժէքի մասին, արդիւնքներդ լաւանում են, կամ քո՝ գործընթաց վայելելն ա աւելանում, կամ երկուսն էլ։ Հիմա մի պահ անցնենք թուանշայինի՝ եթէ ամէն նկարը տեսականօրէն ձրի է, եւ դու կարող ես անել հարիւրաւոր նկարներ, ի՞նչ արժէք ես վերագրելու այդ նկարածներիցդ ամէն մէկին։ Ոչ շատ, չէ՞։ Տասից ինը ջնջուելու են, կամ մոռացութեան են մատնուելու կոշտ սկաւառակի վրայ։ Երբ մենք ձրի ենք նկարում, ըստ երեւոյթին, այդ պատճառով էլ հակուած ենք նկարելու անարժէք։

Այո, ժապաւէնն ունի գին։ Այն փող է նստում մեր վրայ։ Այն ժամանակ է նստում։ Այն երբեմն արժի քրտինք, երբեմն՝ արիւն։ Ես չեմ տեսնում այդ վճարները որպէս բացասական, ես տեսնում եմ դրանք որպէս իմ ստեղծածը գնահատելու, իմաստալից գործընթացի կամ արդիւնքի համար աւելի շատ ջանալու, համբերութեամբ լցուելու, եւ աշխատելու պատճառ։ Ես չէի ուզի իմ ժապաւէնային նկարները լինէին ձրի, որովհետեւ ես վախենում եմ, որ այդ դէպքում դրանք այդչափ չէի գնահատի։

Զեբ Էնդրիւս։

Նկարն արուած է՝ Pentax 67 / Kodak Ektar 100 / մի քանի ստոպ ND զտում՝ 17֊ից 20֊ը արանքում։

աղբիւր